04/03/2026
Այսօր Ավագ Հինգշաբթի է, երբ կատաարվում են Ավագ շաբաթվա ընթացքում Հիսուս Քրիստոսի առաքելության առանցքային դեպքերը: Այն նախ հիշատակն է առաքյալների հետ Հիսուսի անցկացրած Վերջին ընթրիքի, որի ժամանակ Տերը հացն ու գինին օրհնելով՝ հաստատեց Հաղորդության խորհուրդը: Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց Պատարագ և հաղորդություն է տրվում:
Օրվա հաջորդ ծիսակարգը Ոտնլվան է: Հովհաննեսի Ավետարանում պատմվում է, որ Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս լվաց Իր աշակերտների ոտքերը՝ որպես սիրո և խոնարհության օրինակ, և նրանց պատվիրեց միմյանց հանդեպ նույնն անել (ԺԳ 1-20): Այս պատգամին հետամուտ՝ XI դարում Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կարգադրությամբ Ոտնլվան ներդրվեց Հայաստանյայց եկեղեցու ծիսակարգում։ Համաձայն այդ կարգի՝ հոգևորականը օրհնված ջրով լվանում, ապա օրհնված յուղով օծում է խորան բարձրացած մանուկ, պատանի, երիտասարդ և տարեց տասներկու ընտրյալ այրերի ոտքերը, որոնք նախընթաց տարում ջանադիր են եղել տարբեր ոլորտներում իրենց առաքելությունը լավագույնս և ազնվորեն կատարելուն կամ նրանք են, ովքեր կարիք ունեն հոգու և մարմնի բժշկության և այլք: