05/04/2020
Այսօր՝ ապրիլի 5_ին, պետք է նշեինք Ստամբուլի ավետարանական հավատքի քրիստոնյաների 《Կյանքի Խոսք》 եկեղեցու ծննդյան 15 _րդ տարեդարձը... Սակայն բոլորիս հայտնի պատճառով եկեղեցական ծառայությունները փոխարինվեցին ուղիղ եթերներով , հովվի հորդորները, քաջալերող ու գոտեպնդող խոսքը հիմա լսում ենք էկրանի դիմաց նստած։ Եկեղեցին մնաց դատարկ , իսկ մեր սիրտը՝ Աստծո ներկայությամբ ու սիրով լեցուն։ Չէ որ իրական եկեղեցին քարե շինությունը չի՝ բազմաբովանդակ քանդակներով ու նախշերով , այլ մենք ենք՝ մեզանից ամեն մեկը, ով սրտով հավատում ու բերանով դավանում է , որ Հիսուսը Աստծո Որդին է , ով խաչվեց մեր մեղքերի համար, մեռավ, բայց երրորդ օրը հարություն առավ։
Այսօր մեր հովվի՝ Դավիթ Միդոյանի Ստամբուլում հովվական ծառայության 15_ամյակն է։ Սիրելի հովիվ Դավիթ և Անի, այս հիշարժան օրվա առիթով շնորհավորում ենք ձեզ, դուք Աստծուց տրված գանձ եք և շատ թանկ մարդիկ եք մեզ համար։ Անչափ սիրում ենք ձեզ և գնահատում, շարունակեք Աստծո գործը էլ ավելի մեծ եռանդով ու համարձակությամբ՝ չհիասթափվելով , չկոտրվելով նեղություններից ու փորձություններից։ Հակառակ խնդիրներին՝ թող ձեր սերը ավելի շատանա, ձեր քայլերն ավելի հաստատուն դառնան եկեղեցու տեսիլքին հասնելու համար։
Մենք՝ եկեղեցու ծառայողներս, շնորհակալ ենք, որ դուք կաք, և պատրաստ ենք ձեզ հետ անցնել երկար ճանապարհ՝ հավատով, միաբանությամբ ու սիրով լցված։