Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre

Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre Ուղիղ եթերներ Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարից։ Սուրբ Հայրերի քարոզներ և Սուրբ և Անմահ Պատարագներ։
(318)

Սուրբ Հայրերի քարոզներն ու մեկնությունները։ Միացեք մեր էջին, որպեսզի ծանոթանաք ուղղափառ հավատքի հետ և լսեք ճիշտ մեկնություններ ու քարոզներ։ Էջում կտեսնեք նկարներ և տեսանյութեր` Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարից և շատ այլ հետաքրքիր ու հոգեշահ նյութեր։

Մենք կարող ենք աղոթել ճիշտ բառերով, ճիշտ հավատալ, ճիշտ խոսքեր ասել և ցիտել սրբերին, բայց արդյո՞ք այդ ամենի մեջ սեր կա։ Ա...
04/09/2026

Մենք կարող ենք աղոթել ճիշտ բառերով, ճիշտ հավատալ, ճիշտ խոսքեր ասել և ցիտել սրբերին, բայց արդյո՞ք այդ ամենի մեջ սեր կա։ Արդյո՞ք անկեղծ է այդ աղոթքը, եթե անգամ` ըստ կանոնի եմ աղոթում կամ սրբերի խոսքերն եմ կրկնում։ Ի՞նչն է ավելի կարևոր, ի՞նչն է ավելի Աստծուն հաճելի։ Մի՞թե զուտ ճիշտ բառեր ասելը աղոթք է։ Մենք կարող ենք շատ գիտելիքներ ունենալ, ապացուցել բոլորին, որ ճիշտ ենք և անգամ լռեցնել դիմացինին։ Մենք կարող ենք ճիշտն ասել, ապացուցել ամեն բան, աստվածաբանական մի մեծ ճառ կարդալ ու վերջում կորցնել մարդուն...Մենք կարող ենք պերճախոսությամբ ու աստվածաբանական փայլուն գիտելիքներով զարմացնել հազարավոր մարդկանց, բայց չճանաչել Աստծուն։ Տեր Հիսուս Քրիստոսը երբեք սերն ու ճշմարտությունը չառանձնացրեց իրարից։ Եթե ճշմարտությունն ասվում է զուտ հանուն ճշմարտության դրոշակի, հանուն եսի, հանուն փառքի, հանուն հաճույքի, ուրեմն այդ ամենի մեջ ճշմարտություն չկա, քանզի ճշմարտությունը ուղղակի բառ չէ, որ ասենք ու ճիշտ լինենք։ Միգուցե բառերը ճիշտ ընտրված լինեն, բայց սխալ նպատակը զրոյացնում է ամեն բան։ Եթե չկա սեր, եթե սրտացավորեն չենք բացատրում, եթե կարեկցանք չկա, եթե իմաստն այն է, որ ես ճիշտ լինեմ, իսկ դիմացինս թող ինչ ուզում է լինի, ուրեմն մենք ինքներս հեռու ենք ճշմարտությունից։

Հաճախ կեղծ նախանձախնդրությամբ ենք լցվում և սկսում պաշտպանել "ճիշտը" և մոռանում այն իրական ճշմարտությունը, որը սիրո հիմքի վրա է։ Հաճախ աղոթում ենք, շատ ճիշտ բառեր օգտագործում, անգամ ժամերը պահում աղոթքի, սրբերից օգտվում և ամեն բան ճիշտ ենք անում, սակայն գալիս է ժամանակը և տեսնում ենք, որ այդ ճիշտ բառերը չեն աշխատում, Աստված չկա այդ ամենի մեջ, որովհետև մեզ համար կարևոր է ուղղակի ամեն բան ճիշտ անել։ Գալիս է մի պահ, որ քո արած բոլոր ճիշտ բաները անօգուտ են դառնում, որովհետև ճշտորեն հետևել ամեն ինչին, չի նշանակում անկեղծ լինել կամ Աստծուն մոտենալ։ Ճիշտ բառերով խոսելը դեռևս աղոթք չէ, եթե անկեղծ ու մաքուր սրտից չի բխում...Եթե չկա սեր, չկա խոնարհություն, ապա եթե անգամ բոլոր սրբերի աղոթքներն անգիր իմանանք, միևնույն է ոչ մի օգուտ չի լինի։
Հաճախ մտածում ենք, թե սրբերի խոսքերն իմանալը բավար է, որպեսզի ճիշտ ապրենք։ Գալիս է մի պահ և հասկանում ես, որ միգուցե սրբերի բառերը գիտես, բայց հեռու ես այն սիրուց, որ նրանք ունեին և հաղորդ չես այն ճշմարտությանը, որով նրանք ապրում էին և շահեցին հազարավոր մարդկանց` մոտեցնելով Աստծուն։ Մենք շատ ճիշտ բառեր գիտենք, բայց շարունակում ենք ամեն բան սխալ անել։

Առավել ևս պետք է պատվեր ու հրաման տալ կանանց, ովքեր այսպիսի վիճակում են(կանացի օրերի մասին է խոսքը), եթե կույս են, չմտնե...
01/09/2026

Առավել ևս պետք է պատվեր ու հրաման տալ կանանց, ովքեր այսպիսի վիճակում են(կանացի օրերի մասին է խոսքը), եթե կույս են, չմտնե՛ն եկեղեցի, քահանայի ձեռքը [չհամբուրեն], այլ թող խոնարհությամբ նստեն իրենց տանը ու պարկեշտությամբ պահեն իրենց անձերը: Իսկ եթե ամուսնացած կանայք են, թող նույն կարգը նրանց վրա լինի, և թող չմտնե՛ն իրենց այրերի անկողինը, մինչև մաքրվեն, ջրով լվացվեն, արժանի լինեն Եկեղեցի մտնելու և օրենքին հաղորդվելու(Սուրբ Հաղորդություն ստանալու): Այն, որ կարգեցին Հայրերը, թող չարհամարհե՛ն որդիները, որպեսզի հատուցման օրը առանց ամոթի լինենք:

Ապա եթե սրբությամբ ամուսնացած մեկը առողջությամբ անկողնակից լինի իր զուգակցին և ըստ խառը մերձավորության սովորական բնության` այն օրը` գիշեր ժամանակ, գործած լինեն, իսկ հաջորդ օրը կա՛մ երևելի տոն, և կա՛մ կիրակի լինի, երբ պիտի կատարվի աստվածային Խորհուրդը(Պատարագը), և՛ այրը, և՛ կինը, որ մաքուր էին, Եկեղեցուց ընտրված, հաղորդ և կցորդ Քրիստոսի մարմնին ու արյանը, բայց երեկոյից չէին զգուշացել և իրենց անձերը չէին պահել, ո՛չ միայն այդ օրը չպետք է օրենքն առնեն(հաղորդվեն), որովհետև արհամարհեցին մեծ կիրակին և կամ երևելի տոնը, այլև յոթ օր պիտի զղջան` արտասուքներով հայցելով և հառաչելով, իսկ մյուս կիրակի օրը արժանի կլինեն հաղորդվելու սրբությանը․ քանզի ահագին է Խորհուրդը և ցանկալի բոլորին:
(Սուրբ Եղիշե Վարդապետ)

Եթե կյանքին վտանգ է սպառնում, ապա հարկավոր է քահանային տեղեկացնել և քահանան քննելով իրավիճակը կարող է բացառության կարգով ընդունել խոստովանությունն ու հաղորդել։

Սրք. 3:13-16: "Որովհետև մարդու փառքը իր հոր պատվից է գալիս, որդիների նախատինքը՝ մոր անպատվությունից։ Որդյա՛կ, զորավի՛գ ե...
31/08/2026

Սրք. 3:13-16: "Որովհետև մարդու փառքը իր հոր պատվից է գալիս, որդիների նախատինքը՝ մոր անպատվությունից։ Որդյա՛կ, զորավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և իր կյանքի ընթացքում նրան մի՛ տրտմեցրու։ Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։ Ով հոգատար է հոր հանդեպ, Աստված չի մոռանա նրան։"

Բայց կան մարդիկ, ովքեր սկսում են ծնողների հետ կոպիտ խոսել ու անգամ դաստիարակի դերում հանդես գալ` մոռանալով, որ ժամանակին այդ նույն ծնողի գիրկը իր համար մխիթարության և ապահովության միակ տեղն էր։ Անգամ եթե մեծահասակ մարդը սխալ մի բան է անում, երբեք պետք չէ խիստ դիտողություն անել կամ կոպտել։ Հոգ տարեք ձեր մեծահասակների մասին և ցույց տվեք, որ սիրում եք նրանց, քանզի նրանց համար դա անչափ կարևոր է։

Ելք 20:12: "Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։"

Սրք. 7:29-30: "Քո բովանդակ հոգով պատվի՛ր հորդ և մի՛ մոռացիր մորդ երկունքը։ Հիշի՛ր, որ նրանցից ես ծնվել և ի՞նչ կարող ես հատուցել նրանց՝ քեզ նրանց տվածի փոխարեն։"

Գնահատեք ձեր մեծահասակներին։ Հավատացեք եղեք, որ նրանց ներկայությունը շատ բան է փոխում ձեր կյանքում։ Տատիկի կամ պապիկի մեկ քաղցր բառն ու օրհնությունը ավելի թանկ է, քան շքեղ պալատներն ու ոսկիները։ Հոր և մոր սերն ու հոգատարությունը, նրանց ձեր կողքին լինելը աննակարագրելի երջանկություն է։ Այո, լինում են բացառություններ, երբ մեծահասկաները չարացած են լինում և անգամ վատ բաներ են անում, բայց անգամ այդ դեպքում փորձեք հանդուրժող լինել և օգնել։

Տգիտությունը շատերի կործանման պատճառ է դառնալու և արդեն դարձել է...Աղանդավորները և հերետիկոսները տարբեր միջոցներով հեռաց...
30/08/2026

Տգիտությունը շատերի կործանման պատճառ է դառնալու և արդեն դարձել է...
Աղանդավորները և հերետիկոսները տարբեր միջոցներով հեռացնում են մարդկանց ճշմարտությունից և նոր "Քրիստոս" ստեղծում մարդկանց ենթագիտակցության մեջ։ Մարդիկ Տեր Հիսուս Քրիստոսի նոր կերպար են հորինել` ամեն մեկն իր ցանկություններին համապատասխան։ Շատերը չեն ուզում ճանաչել իրական Տեր Հիսուս Քրիստոսին, այլ հորինում են կեղծ "Քրիստոսներ"։
Տերը մի խոսք ասաց.
Մտթ. 24:24: "...որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։"

Սուտ քրիստոները նախ մարդկանց մտքում և սրտում պիտի ծնվեն և ապա մարդիկ այդ սուտ քրիստոսներին պիտի սկսեն պաշտել։ Աղանդավորական մեդիան հենց դրանով է զբաղված և շատ֊շատերը դիտելով նրանց տեսահոլովակներն ու նկարահանած ֆիլմերը` տարվում են այդ սուտ քրիստոսներով և դառնում զոհ, որը պատրաստ է ինքնակամ հանձնվել սատանային։ Մարդիկ մտածում են, որ կարելի է սեփական պատկերացումներով Աստծուն ճանաչել, սակայն հենց այդ պատճառով կորցմում են Աստծուն և խաբված ապրում։ Մարդիկ մտածում են, որ հոգևոր կյանքը զագայական մի բան է կամ էլ` խաղ, սակայն չեն էլ պատկերացնում, թե ինչպես են մոլորվում։ Սատանան իր բոլոր զենքերով հարվածում է մարդկանց, իսկ ձեզանից շատերը տարված են հոգևոր ռոմանտիզմով և ապրում են աղավաղված "քրիստոնեությամբ"։ Միայն Եկեղեցու մեջ լինելով, միայն Ուղղափառ Վարդապետությամբ, Դավանությամբ և կենդանի հավատով կարելի է մոտենալ Աստծուն և ճանաչել Նրան։ Մնացած բոլոր ճանապարհները շեղ են և կործանարար։
Հենց այսպես մեկ օր էլ նեռին պիտի Քրիստոս հռչակեն մարդիկ և պաշտեն, քանզի ծանոթ չեն լինելու Սուրբ Հոգու Վարդապետությանը։

Բ Տմթ. 4:3: "Որովհետև կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց"։

Ա Տմթ. 4:1-2: "Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք կհեռանան հավատից և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիներին և դևերի վարդապետություններին ստախոսների կեղծավորության միջոցով, որոնց խղճմտանքը խարանված է։"

Այս ամենը մեղադրանք չէ, այլ հոգատարություն, որպեսզի չգնաք խավարի ճանապարհով։

Համացանցում շատ ակտիվ տարածվում է մի նոր հեռուստասերիալ` "Ընտրյալները" ( The Chosen)։ Սա իբրև թե Տեր Հիսուս Քրիստոսի և ա...
29/08/2026

Համացանցում շատ ակտիվ տարածվում է մի նոր հեռուստասերիալ` "Ընտրյալները" ( The Chosen)։ Սա իբրև թե Տեր Հիսուս Քրիստոսի և առաքյալների մասին պատմող ֆիլմ է, որն իրականում բողոքականացված աղանդավորական ֆիլմ է։ Դերակատարների շարժն ու խոսքի ձևը ամբողջովին բողոքական է։ Սերիալի հեղինակ և ռեժիսոր Դալաս Ջենքինսը ավետարանական բողոքական է։
Սերիալում շատ֊շատ են ոչ աստվածաշնչյան գեղարվեստական հավելումները։

Ռեժիսոր Դալաս Ջենքինսի խոսքով՝ իրենց նպատակը` պատմական ու մշակութային համատեքստն ապահովելն է, ինչն իհարկե չի ստացվել, այլ ամբողջովին հակառակն են արել։ Ըստ նրա խոսքի` նրանք լրացնում են «տողատակերի բացերը», որպեսզի հանդիսատեսը հասկանա կերպարների մոտիվացիան։ Պատկերացնո՞ւմ եք, Եկեղեցու Սուրբ Ավանդությունը մերժում են և սեփական հորինված լրացումներն են տալիս։

Տեր Հիսուս Քրիստոսի կերպարը ֆիլմում կատակում է, մարզվում է և անգամ «փորձեր է անում» ու նախապատրաստվում Լեռան քարոզից առաջ և անգամ կարծես թե կասկածանքների մեջ ընկնում։ Ուղղափառ իրականության մեջ այս ամենն ուղղակի աբսուրդ է։ Սերիալում տպավորություն է ստեղծվում, որ Տեր Հիսուս Քրիստոսը երբեմն հուզական կամ կազմակերպչական աջակցության կարիք ունի իր աշակերտներից (հատկապես Մատթեոսից կամ Մարիամ Մագդաղենացուց)։

Մատթեոս առաքյալը ֆիլմում պատկերված է որպես աուտիկ սպեկտրի խանգարում (ասպերգերի սինդրոմ) ունեցող անձ։ Աստվածաշնչում և Եկեղեցու Սուրբ Ավանդության մեջ նման փաստ չկա։Սիմոն Պետրոսը ներկայացված է որպես հռոմեացիներին մեծ հարկային պարտքեր ունեցող և խարդախությունների դիմող ձկնորս։Նիկոդեմոսը ֆիլմում գաղտնի հանդիպում է Մարիամ Մագդաղենացուն և փորձում բժշկել նրան նախքան Հիսուսին հանդիպելը։ Ավետարանները շատ սեղմ են. դրանք չեն նկարագրում աշակերտների ընտանեկան վեճերը, նրանց կանանց դժգոհությունները կամ առօրյա կատակները։ Ֆիլմի երկխոսությունների 90%-ը հորինված է սցենարիստների կողմից։

Հիսուսի խորհրդակցությունը Հովհաննեսի հետ․ Սերիալում Հովհաննես Մկրտիչը պատկերված է որպես շատ էքսցենտրիկ և կտրուկ անհատականություն (առաքյալները նրան կատակով անվանում են «Խենթ Հովհաննես»)🤷‍♂️🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️։ Տեսարաններից մեկում Հովհաննեսը գալիս է Հիսուսի մոտ և նրանք քննարկում են իրենց «առաքելության ռազմավարությունը»։ Նրանց միջև ցուցադրվում է գրեթե տարաձայնություն և թեժ վեճ և այն, որ Հովհաննես Մկրտիչն անգամ դժգոհ է Քրիստոսից։ Հովհաննեսը երբեմն կոպիտ կամ անհարգալից է խոսում Հիսուսի հետ, իսկ Հիսուսը փորձում է նրան հետ պահել Հերովդեսին հրապարակավ քննադատելուց։
Աստվածաշնչյան տեսանկյունից սա շեղում է և հորինվածք, քանի որ Ավետարանում Հովհաննեսը միայն պատրաստում է Տիրոջ ճանապարհը և իրեն համարում անգամ Նրա կոշիկների կապերը քանդելուն անարժան, այլ ոչ թե հավասարը հավասարին խորհրդատու։ Եվ կամ ի՞նչ խրատի կարիք ուներ Տերը։ Կամ մի՞թե Սուրբ Հովհաննեսը նման բան թույլ կտար իրեն։

Հուդայի դրական կերպարը սկզբում․Ավետարանն ու Ուղղափառ Եկեղեցու Ավանդությունը Հուդային ներկայացնում է որպես գողի, ով արծաթասեր էր և պահում էր արկղի փողերը։ Ֆիլմում Հուդան սկզբում պատկերված է որպես շատ խելացի, կրթված, բարի կամքով լեցուն և ազնիվ երիտասարդ, ով անկեղծորեն ցանկանում էր օգնել հրեա ժողովրդին և հիանում էր Հիսուսով։

Հորինված կին կերպար և ողբերգություն․ Ֆիլմում ներմուծված է ամբողջությամբ հորինված մի կերպար՝ Ռաման, ով Կանայի հարսանիքի գինի մատակարարողի դուստրն էր։ Սերիալում Թովմաս առաքյալը սիրահարված է նրան, և նրանք պատրաստվում են ամուսնանալ։ Հետագա սեզոններում հռոմեացի պաշտոնյա Կվինտուսը սպանում է Ռամային, ինչը Թովմասի մեջ առաջացնում է խորը հուսահատություն և կասկածներ Հիսուսի հանդեպ։ Այս ամբողջ սյուժետային գիծը Աստվածաշնչում գոյություն չունի։

Ֆիլմում Հիսուսի և Ղազարոսի ընկերությունը ներկայացված է ժամանակակից ընկերական երանգներով։ Մինչև Ղազարոսին հարություն տալը, Հիսուսը պատկերված է ծայրահեղ հուզված, գրեթե խուճապի մեջ և տանջվող՝ տեսնելով Մարթայի ու Մարիամի վիշտը։ Թեև Ավետարանում ասվում է «Հիսուսն արտասվեց», ավանդական աստվածաբանությունը շեշտում է, որ Քրիստոսը միշտ պահպանում էր իր աստվածային հանդարտությունն ու գիտակցումը, թե ինչ է անելու, մինչդեռ ֆիլմում նրեկակացված է` որպես թույլ ու խուճապի մատնվող մարդ։ Տիրոջ կերպարը նմանեցրել են հուզված ու խարիզմատ բողոքական "պաստորի"։

Սերիալի հատուկ սուրբծննդյան դրվագում Մարիամ Աստվածածինը պատկերված է Տեր Հիսուս Քրիստոսին ծննդաբերելիս՝ ուժգին ցավերով, տանջվելով և ճչալով, ինչպես ցանկացած սովորական կին, ինչը դեմ է Ուղղափառ Վարդապետությանը և կոպիտ սխալ է, ինչի մասին վկայում է նաև Տիեզերական ուսուցիչ` Սուրբ Եփրեմ Ասորին։

Խաչելության տեսարանում կենտրոնական դեր ունի հռոմեացի հարյուրապետ Գայուսը, ով սերիալի ընթացքում դարձել էր առաքյալների ընկերը: Նա պատկերված է խորը հոգեկան տանջանքների մեջ, քանի որ ստիպված է կատարել հրամանը և խաչել Հիսուսին:
Աստվածաշնչյան փաստը. Ավետարանում նշվում է հարյուրապետի մասին, ով Քրիստոսի մահից և երկրաշարժից հետո միայն բացականչում է. «Արդարև, այս մարդը Աստծո Որդի էր»: Զինվորների անձնական կապն ու նախկին մտերմությունը Հիսուսի հետ ամբողջությամբ հորինված են: Եկեղեցու ավանդությունը նրա դարձի մասին ամբողջությամբ այլ է։

Կարճ ասած` ֆիլմը վնասակար է դիտելու համար և դիտողները հաղորդակցվում են բողոքական ոգու հետ, ինչ իհարկե հեռացնում է ճշմարիտ հավատքից։ Հստակ է, որ սա մոլորեցնող ֆիլմ է։ Սա հատուկ նպատակ հետապնդող ֆիլմ է, որով մարդկանց միջից հանում են Տեր Հիսուս Քրիստոսի մասին այն ճիշտ պատկեիացումը, որը տվել են մեզ Եկեղեվու Սուրբ Հայրերը` Աստվածաշնչի և Հայտնությունների վրա հիմնվելով։

Այնքան եմ ուրախանում և մխիթարվում, երբ կարդում եմ, որ նման թագավոր և թագուհի ենք ունեցել։ Իսկական սուրբ մարդիկ, ովքեր առ...
24/08/2026

Այնքան եմ ուրախանում և մխիթարվում, երբ կարդում եմ, որ նման թագավոր և թագուհի ենք ունեցել։ Իսկական սուրբ մարդիկ, ովքեր առաջին հերթին քրիստոնյա են եղել։
Կարդում եմ ու նաև զգում, որ կարդալիս սիրտս լցվում է ջերմությամբ և ուրախությամբ։ Կիսվեմ նաև ձեզ հետ❤️։

Աշոտ Գ Ողորմածը եղել է Բագրատունյաց Հայաստանի նշանավոր թագավորներից մեկը, ով կառավարել է 953–977 թվականներին։ Նա պատմության մեջ առավել հայտնի է հայոց մայրաքաղաքը Անի տեղափոխելով, երկրի տնտեսական ու մշակութային վերելքն ապահովելով և իր բացառիկ բարեգործական գործունեությամբ։
Նրա կառավարման ժամանակ Հայաստանը բավականին հզոր պետություն էր, քանզի Թագավորը Եկեղեցու նվիրյալ զավակ էր և ուներ Տիրոջ հովանավորությունը։

Միջնադարյան պատմիչները Աշոտ Ողորմած թագավորի և Խոսրովանույշ թագուհու կյանքը նկարագրում են ոչ թե պարզապես որպես արքայական կառավարում, այլ որպես իսկական հոգևոր սխրանք (ճգնողական ու աստվածահաճո կյանք)։ Նրանց արարքները դուրս էին սովորական բարեգործության սահմաններից։

Ըստ պատմիչներ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) և Մատթեոս Ուռհայեցու՝ Աշոտ Գ-ն ուներ հոգևոր բարձրագույն առաքինություններ.

Թագավորը հրաժարվում էր իր դիրքի տված շքեղությունից։ Նա անձամբ մտնում էր բորոտների (ծանր վարակիչ հիվանդների) հյուղակները, որոնցից բոլորը խորշում էին, լվանում էր նրանց վերքերը և խնամում նրանց։ Արքունական սեղանի շուրջ նա իր կողքին նստեցնում էր կույրերին, հաշմանդամներին ու չքավորներին։ Նա ուտում էր նրանց հետ նույն ամանից՝ ցույց տալով, որ Աստծո առաջ բոլորը հավասար են։Նա երկրի տարբեր գավառներում կառուցեց հիվանդանոցներ, մեկուսարաններ բորոտների համար, կույրերի տներ, ծերանոցներ և որբերի համար` մանկատներ։ Այս հաստատությունների պահպանման համար նա արքունի գանձարանից հատուկ հարկեր ու եկամուտներ սահմանեց, որպեսզի հիվանդները երբեք սննդի ու խնամքի պակաս չունենան։

Պատմիչները վկայում են, որ թագավորը գիշերներն անցկացնում էր երկարատև աղոթքներով ու ծոմապահությամբ։ Նա իրեն համարում էր Աստծո խոնարհ ծառան, ոչ թե հզոր տիրակալ։ Թեև Անին շքեղ մայրաքաղաք էր, Աշոտ թագավորի հոգին ձգտում էր դեպի առանձնություն և աղոթք։ Նա դարձավ Անիի մոտ գտնվող Հոռոմոսի վանքի գլխավոր հովանավորը։ Այն դարձավ թագավորի սիրելի վայրը, որտեղ նա հաճախ հեռանում էր արքունական աղմուկից՝ աղոթելու և ճգնելու համար։ Թագավորը թույլ չտվեց, որ արտաքին քաղաքական ճնշումների ներքո հայերը հեռանան իրենց ավանդական հավատքից՝ պահպանելով եկեղեցական և ազգային ինքնությունը և անգամ պայքար ծավալեց քաղկեդոնականների դեմ, որպեսզի Եկեղեցին մնա Հայրերի ավանդությանը հավատարիմ։

Աշոտ Գ-ն իր ողջ կյանքի ընթացքում պետական և անձնական միջոցները բաժանեց կարիքավորներին։ Նրա մահից հետո պարզվեց, որ նա նույնիսկ թաղման ծախսի համար դրամ չէր թողել․ ամբողջը տրվել էր աղքատներին։

Հովանավորում էր և օգնում Եկեղեցիներին, վանքեր կառուցում և ամեն ինչով ծառայում Աստծուն։ Հաղթանակներից հետո նա երբեք իրեն չէր վերագրում ռազմական հաջողությունը։ Նա կազմակերպում էր համազգային գոհաբանական աղոթքներ՝ պնդելով, որ երկիրը փրկվեց միայն Աստծո կամքով։Այս ամենի պատճառով ժողովուրդը և եկեղեցին նրան կենդանության օրոք ընդունում էին որպես սուրբ թագավորի, ում աղոթքները պաշտպանում էին Հայաստանը արտաքին թշնամիներից։

Այս ամենի մասին նշումներ ունի նաև` Կիրակոս Գանձակեցին – «Հայոց պատմություն» (13-րդ դար)․ Մանրամասներ է հաղորդում Բագրատունյաց շրջանի հոգևոր-եկեղեցական կյանքի, Սանահինի ու Հաղպատի վանքերի հիմնադրման և թագավորական տան բարեպաշտության մասին։

Յուրահատուկ ջերմությամբ եմ կարդում Խոսրովանույշ թագուհու բարեպաշտ կյանքի մասին և խոնարհվում նրա առջև.

Թագուհին իր ամուսնու հետ հիմնեց Սանահինի ու Հաղպատի վանքերը ոչ թե փառքի, այլ իր զավակների հոգու փրկության և երկրի խաղաղության համար։ Դրանք դարձան մշտական աղոթքի և ճգնության կենտրոններ։ Նա անձամբ էր հոգում վանական միաբանությունների կարիքները, որպեսզի հոգևորականները կարողանան անխաթար նվիրվել աղոթքին, գրքերի արտագրությանը և գիտությանը։ Ըստ ավանդության՝ թագուհին իր ամբողջ կյանքն անցկացրել է բարեպաշտության մեջ՝ իր զավակներին դաստիարակելով քրիստոնեական խստագույն կանոններով։ Դրա արդյունքն էր այն, որ նրանց որդիները շարունակեցին ծաղկեցնել Անիի թագավորությունը։

Պատմիչները նշում են, որ Խոսրովանույշը ոչ թե ստվերում էր, այլ իր ամուսնու՝ Աշոտ Գ-ի լիարժեք հոգևոր դաշնակիցն էր։ Եթե թագավորն իր գթասրտությունն ուղղում էր աղքատների, հիվանդների ու չքավորների անմիջական խնամքին, ապա թագուհին հոգում էր երկրի երկարաժամկետ հոգևոր և կրթական հիմքերի մասին։

Միջնադարյան հեղինակների համար Աշոտն ու Խոսրովանույշը քրիստոնյա կատարյալ տիրակալների մարմնավորումն էին, ովքեր երկրային թագավորությունը ծառայեցրին երկնային արժեքներին։

Օրհնյալ է նրանց հիշատակը։ Փառք Աստծուն նրանց համար։❤️❤️❤️

Գիրք եմ կարդում` աստղաբանության մասին, թե որտեղից է սկիզբ առել այդ մոլորությունը և ինչպես են մարդիկ դևերի կողմից խաբվել,...
21/08/2026

Գիրք եմ կարդում` աստղաբանության մասին, թե որտեղից է սկիզբ առել այդ մոլորությունը և ինչպես են մարդիկ դևերի կողմից խաբվել, որ կա` ճակատագիր, բախտ, նախասահմանված արարքներ, որոնք մարդը կատարում է և չի կարող չկատարել, որովհետև աստղերն այդպես են ազդում մարդու վրա։ Գրքի մեջ նկարագրված է նաև այն, որ "աստղի տակ ծնվել" արտահայտությունը` ֆատալիզմի(ճակատագրապաշտություն) մոլորությունն է և ոչ ավելին։ Ցավոք սրտի գիրքը այլ լեզվով է, բայց կան միջոցներ, որոնց միջոցով հնարավոր է որոշ մանրամասներ ներկայացնել նաև ձեզ։

Մարդիկ շփոթում են աստղագիտությունն ու աստղաբանությունը։ Աստղագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է տիեզերքը և երկնային մարմինները ֆիզիկայի ու մաթեմատիկայի միջոցով, իսկ աստղաբանությունը հավատալիք է կամ կեղծ գիտություն, որը փորձում է մարդկանց ճակատագիրը կապել մոլորակների դիրքի հետ։ Աստղագիտությունը հենվում է փաստերի, դիտարկումների, ֆիզիկայի և մաթեմատիկական հաշվարկների վրա և ուղղակի ուսումնասիրում է տիեզերքն ու տիեզերական բնական օրենքները, սակայն երբեք դա չի վերածում հավատալիքի։ Ընդունված է համաշխարհային գիտական հանրության կողմից։ Այն դասավանդվում է համալսարաններում։

Աստղաբանությունը (Astrology) կեղծ գիտություն է կամ հնագույն հավատալիքների համակարգ է։ Այն հենվում է` առասպելների, սնահավատությունների և խորհրդանիշների վրա։ Փորձում է կանխագուշակել մարդու բնավորությունը, ապագան և երկրային իրադարձությունները՝ ըստ կենդանակերպի նշանների (հորոսկոպի)։Գիտական ճանաչում չունի, ոչ մի գիտական ապացույց չունի։ Գիտնականները մերժում են դրա կապը իրականության հետ։

Եկեղեցու Սուրբ Հայրերը խստորեն դատապարտել են աստղաբանությունը՝ այն համարելով հեթանոսական մոլորություն, որը ժխտում է մարդու ազատ կամքը և հայհոյություն է Աստուծո դեմ.

«Աստղաբանությունը վիրավորում է Աստվածային Նախախնամությունը... Նրանց համար, ովքեր ծնվել են տարբեր աստղերի տակ, հաճախ նույն ճակատագիրն է վիճակվում թե՛ ծովում, թե՛ պատերազմում: Այն մարդիկ, ում աստղերն էին կապում, մահվան մեջ չկապվեցին միմյանց հետ: Իսկ ում աստղերը բաժանել էին, նրանց նույն մահը միավորեց»:(Սուրբ Գրիգոր Աստվածաբան)

«Եթե մենք ամեն ինչ անում ենք աստղերի ընթացքի պատճառով, ապա մենք գործում ենք ստիպողաբար: Իսկ եթե մարդը ստիպված է չարիք գործում, ապա չկա ո՛չ մեղք, ո՛չ առաքինություն, ո՛չ պսակ և ո՛չ էլ պատիժ: Այդ դեպքում Աստծո պատվիրանները, թե մարդը չպետք է մեղանչի կամ պետք է բարիք գործի, վերածվում են պարզապես հիմարության»:
(Սուրբ Հովհան Ոսկեբերան)

«Երբ աստղագուշակները երբեմն ճշմարտությունն են ասում, դա տեղի է ունենում ոչ թե նրանց արվեստի շնորհիվ, այլ գաղտնի ներշնչանքով, որը ներգործում է մարդկանց հոգիներում: Դա արվում է թակարդի մեջ գցող դևերի խաբեությամբ, որպեսզի մարդիկ հավատան աստղերի կանխորոշմանը և կորցնեն իրենց հոգու փրկությունը»:(Օգոստիանոս Երանելի)

Աստղաբանական (հորոսկոպի) քարտեզի վրա տեսնում ենք, որ շրջանը հավասարապես բաժանված է 12 "տների" և համաստեղությունների՝ յուրաքանչյուրը 30° աստիճանով։

360 աստիճանի շրջան է։ Ամբողջ երկնակամարը խորհրդանշականորեն բաժանված է 360°-ի և ունի 12 հավասար բաժիններ: Շրջանը բաժանված է 12 տների և 12 կենդանակերպի նշանների` 30 աստիճան յուրաքանչյուրում: Յուրաքանչյուր տուն և համաստեղություն զբաղեցնում է ճիշտ 30° տարածք (12 × 30° = 360°):
Այսպիսով, ըստ աստղաբանների, սա ցույց է տալիս, որ աստղաբանությունը լիովին ազդում է` երկրի, մարդու և անգամ գազանների ճակատագրի վրա։
Եթե առաջ այս ամենը հիշեցնում էր "անմեղ" մի խաղ, ապա այժմ հստակ երևում է, որ այս ամենի միջոցով հիմք է ստեղծվել` մեծ մոլորություն տարածող շարժման համար։ Եթե ձեզ թվում է, թե պատահական մի բան էր, որ հորոսկոպները մեծ թափով տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ և դրա հետ միասին նաև տարածվեց` յոգան և մեդիտացիան, ապա չարաչար սխալվում եք։

Նյու Էյջ (New Age) շարժման հիմքում ընկած է հենց «Ջրհոսի դարաշրջանի» (Age of Aquarius) գաղափարը, որը քարոզում է համընդհանուր գիտակցության բարձրացում, ինչպես նաև գիտության, կրոնի և հոգևոր ոլորտների միավորում (սինթեզ)։Ահա այս գաղափարախոսության հիմնական հենասյուները՝ բացատրված պարզ քայլերով․
Նյու Էյջ (New Age) շարժման հիմքում ընկած է հենց «Ջրհոսի դարաշրջանի» (Age of Aquarius) գաղափարը, որը քարոզում է համընդհանուր գիտակցության բարձրացում, ինչպես նաև գիտության, կրոնի և հոգևոր ոլորտների միավորում (սինթեզ)։Ահա այս գաղափարախոսության հիմնական հենասյուները՝ բացատրված պարզ քայլերով․

Ջրհոսի դարաշրջան (The Age of Aquarius)Աստղագուշակական հիմքը.
Ըստ աստղաբանական տեսության (Precession of the equinoxes)՝ երկրային մեծ դարաշրջանները փոխվում են մոտ 2150 տարին մեկ։Անցումը: Նյու Էյջը պնդում է, որ մարդկությունն անցում է կատարում Ձկների դարաշրջանից (որը կապվում էր քրիստոնեության, հնազանդության և դոգմաների հետ) դեպի Ջրհոսի դարաշրջան։Այս ուսմեւնքի համաձայն ջրհոսը խորհրդանշում է ազատություն, անհատական հոգևոր փորձառություն, ինտուիցիա և տեխնոլոգիական առաջընթաց։

Ավանդական կրոնների մերժումը.
Շարժումը մերժում է քրիստոնեական հոգևոր փորձառությունը, որն ունի Եկեղեցին, մերժում է դոգմատներն ու Ուղղափառությունը ՝ դրանք փոխարինելով «համընդհանուր հոգևորականությամբ», այսինքն` հավատա այնպես, ինչպես կուզես, քանզի Աստված ընդամենը վեևին գաղափար է կամ էներգիա, որը իրականում թաքնված է մարդու մեջ և այն հարկավոր է զարգացնել` չակրա մաքրելով, մեդիտացիաներով և այլն:

Քվանտային միստիցիզմ.
Նյու Էյջի հետևորդները հաճախ օգտագործում են ժամանակակից գիտության (հատկապես քվանտային ֆիզիկայի) տերմինները՝ փորձելով գիտականորեն «ապացուցել» հոգևոր երևույթները, էներգիաները և մտքի ուժով իրականությունը փոխելու հնարավորությունը։ Արդյունքն այն է, որ ստեղծվում է մի համակարգ, որտեղ արևելյան փիլիսոփայությունը (յոգա, բուդդայականություն, կլանման գաղափարներ), արևմտյան միստիցիզմը և ժամանակակից գիտական տեսությունները ձուլվում են իրար։
Գիտությունը մերժում է Նյու Էյջի «քվանտային» մեկնաբանությունները՝ դրանք համարելով գիտական տերմինների սխալ և չապացուցված օգտագործում (կեղծ գիտություն):Քրիստոնեական Եկեղեցին (այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցին) խիստ քննադատում է այս շարժումը: Վատիկանը նույնիսկ հատուկ փաստաթուղթ է հրապարակել («Քրիստոս՝ կենդանի ջրի կրողը»), որտեղ Նյու Էյջը որակվում է որպես վտանգավոր հերետիկոսություն, քանի որ այն փորձում է մարդուն աստվածացնել առանց Քրիստոսի և խառնում է անհամատեղելի հավատալիքները։

Նյու Էյջ (New Age) շարժման մեջ բյուրեղները, էներգետիկ կենտրոնները (չակրաները) և մտքի ուժով իրականությունը փոխելու պրակտիկաները ամենատարածված ու ազդեցիկ ուղղություններն են: Այս գաղափարախոսությունը սովորեցնում է, որ տիեզերքում ամեն ինչ բաղկացած է էներգիայից և թրթռումներից (vibrations), այսինքն` վիբրացիաներ:

Նյու Էյջի հետևորդները հավատում են, որ բնական բյուրեղներն ու թանկարժեք քարերն ունեն կայուն էներգետիկ դաշտ, որը կարող է ազդել մարդու առողջության և հոգեվիճակի վրա: Ըստ այս ուսմունքի տեսության՝ մարդու էներգետիկ դաշտը (աուրան) կարող է խատարվել սթրեսից կամ հիվանդություններից: Բյուրեղները, ունենալով «մաքուր թրթռումներ», օգնում են վերականգնել այդ հավասարակշռությունը: Այսինքն թալիսմաններիի միջոցով մարդիկ փորձում են մաքրել իրենց աուրան կամ չակրանները, որը դիվական մոլորություն է։

Շարժումը վերցրել է հին հնդկական (հինդուիստական) պատկերացումները և դրանք հարմարեցրել ժամանակակից մարդուն: Կան իբրև թե 7 չակրաներ և սրանք մարդու մարմնի երկայնքով տեղակայված 7 հիմնական էներգետիկ կենտրոններն են (հիմքից մինչև գլխի գագաթը): Եթե դրանցից մեկը «փակվում է», մարդը սկսում է հիվանդանալ կամ խնդիրներ ունենալ կյանքում: Իսկ աուրան` մարդու մարմնի շուրջ գտնվող էներգետիկ դաշտն է, որի գույներով, իբր, կարելի է գուշակել նրա առողջական և հոգեկան վիճակը: Նույնպես դիվական ուսմունք է։

Քարոզվում է, որ մեր մտքերը նույնպես էներգետիկ ալիքներ են: Եթե դուք անդադար մտածում եք հարստության կամ հաջողության մասին (մանիֆեստացիա ), տիեզերքը ձգում և ձեզ է տալիս դա: Սա հաճախ հանգեցնում է նրան, որ մարդիկ իրական գործողություններ անելու փոխարեն միայն սպասում են «հրաշքի», կամ մեղավորության զգացում են ունենում հիվանդությունների համար՝ մտածելով, որ «իրենք են իրենց վատ մտքերով ձգել այդ հիվանդությունը, որը նշան է, որ մարդը դիվազդեցության տակ է։

Նյու Էյջում չկա մեղքի և ապաշխարության գաղափար: Մարդն ինքն իրեն կարող է փրկել ու բուժել՝ քարերի կամ մտքի միջոցով, ինչը հեռացնում է Տեր Հիսուս Քրիստոսից, այսինքն` փրկությունից։
Աստծուն ապավինելու փոխարեն, մարդն իր հույսը դնում է անշունչ առարկաների (բյուրեղների) կամ սեփական էգոյի վրա:
Նյու Էյջ (New Age) շարժումն ու հոգևոր պրակտիկաներն այսօր վերածվել են բազմամիլիարդանոց համաշխարհային արդյունաբերության, որը հմտորեն օգտագործում է սոցիալական հարթակները՝ երիտասարդ սպառողներին ներգրավելու համար։ Այն, ինչ նախկինում համարվում էր նեղ շրջանակների հոբբի, այժմ կոչվում է «Սպիրիտուալ բիզնես» կամ «Մայնդֆուլնես մարքեթինգ»։ Բյուրեղների վաճառքը վերջին տարիներին գրանցել է աստղաբաշխական աճ՝ շնորհիվ TikTok և Instagram հարթակների։

Աստղագիտական հավելվածները միլիոնավոր դոլարների ներդրումներ են ստանում: Նրանք գումար են աշխատում ամսական բաժանորդագրություններով ՝ առաջարկելով «անհատականացված» օրական կանխատեսումներ։
«մանիֆեստացիայի գուրուները» վաճառում են թանկարժեք վեբինարներ և մարաթոններ: Նրանք խոստանում են սովորեցնել, թե ինչպես «ճիշտ մտածել» հարստանալու համար: Նյու Էյջ բիզնեսը ստեղծում է կախվածություն: Մարդուն թվում է, թե իրեն պակասում է ևս մեկ քար, ևս մեկ տրոհում կամ ևս մեկ կուրս՝ կատարյալ հաջողության հասնելու համար, ինիը նույն յոգայի մեթոդներից է։
Նյու էյջի ուսմունքի հիմքը հենց աստղաբանությունն է, սակայն անգամ հեթանոսներից շատերը սա հիմարություն են համարել։

Հին հունական փիլիսոփա Կարնեադեսը (մ.թ.ա. II դար) հայտնի է պատմության մեջ որպես առաջիններից մեկը, ով բերեց աստղաբանության և հորոսկոպների դեմ ամենաուժեղ, անխոցելի տրամաբանական փաստարկները։ Թեև նրա սեփական գրվածքները չեն պահպանվել, նրա խոսքերն ու փաստարկները մեզ են հասել հռոմեացի հռետոր Սիսերոնի «Գուշակության մասին» (De Divinatione) աշխատության միջոցով։
Կարնեադեսն ապացուցում էր, որ նույն վայրկյանին և նույն աստղերի տակ ծնված մարդիկ ունենում են լիովին տարբեր կյանք․

«Եթե մարդու ճակատագիրը կախված է նրա ծննդյան պահին աստղերի դիրքից, ապա ինչո՞ւ են միևնույն պահին, նույն մորից ծնված երկվորյակները հաճախ ապրում բոլորովին տարբեր կյանքով։ Նրանցից մեկը կարող է դառնալ թագավոր, իսկ մյուսը՝ մուրացկան, մեկը կարող է հասնել խոր ծերության, իսկ մյուսը՝ մահանալ մանկության տարիներին հիվանդությունից։ Մի՞թե նրանց ծննդյան աստղերը տարբեր էին»։

Կամ.

«Մի՞թե այն բոլոր հազարավոր հռոմեացիները, ովքեր զոհվեցին Կաննեի ճակատամարտում Հաննիբալի ձեռքով, ծնվել էին ճիշտ նույն աստղի տակ։ Նրանք բոլորն ունեին տարբեր հորոսկոպներ, ծնվել էին տարբեր տարիների, տարբեր ամիսների և տարբեր քաղաքներում, բայց նրանց բոլորին վիճակվեց նույն ճակատագիրը՝ մահանալ նույն օրը, նույն ժամին և նույն տեղում»։

Կամ.

«Եթե ամեն ինչ որոշում են աստղերը, ապա ինչո՞ւ են եթովպացիները ծնվում սևամորթ, իսկ գալլերը՝ սպիտակամորթ ու շեկ մազերով։ Մի՞թե Եթովպիայում երեխաները ծնվում են միայն «սևացնող» աստղերի տակ, իսկ Գալիայում՝ «սպիտակեցնող»։ Ակնհայտ է, որ մարդու արտաքինն ու հատկանիշները որոշվում են նրա ծնողների գեներով և այն երկրի կլիմայով, որտեղ նա ապրում է, այլ ոչ թե մոլորակների դիրքով»։

Այսքանն էլ բավարար է, որպեսզի համոզվեք, որ աստղագուշակությունը, "Նոր դարաշրջան" շարժումն ու հինդուիստական պրակտիկաները` մոլորություն են և դիվային խաբկանք։

Երբ մարդը հայհոյում է, այդ օրը նրա բերանը եռում է արյունով, այրվում է փրփուրով, և գարշահոտության գոլորշի է դուրս գալիս ն...
20/08/2026

Երբ մարդը հայհոյում է, այդ օրը նրա բերանը եռում է արյունով, այրվում է փրփուրով, և գարշահոտության գոլորշի է դուրս գալիս նրա բերանից։ Եթե մարդը չի ապաշխարել, ուրեմն հարիր չէ մտնել Աստծո եկեղեցի, ոչ էլ համբուրելԱվետարանը, սրբապատկերները, խաչը, և [մանավանդ] հաղորդությանը մոտենալ: Երբ մարդը չի կարողանում զերծ մնալ հայհոյանքի անիծյալ խոսքից, պահապան հրեշտակը լաց է լինում, իսկ սատանան ուրախանում:

Մտթ. 12:36-37: "Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։ Քո խոսքերը արդարացնելու են քեզ և քո խոսքերը դատապարտելու են քեզ»։"

Երբ մարդը հայհոյում է, Տիրոջ գահի մոտ գտնվով Աստծո մայրը, Իր կողմից տրված աղոթքի ծածկը վերցնում է այդ մարդուց և հեռանում նրանից: Երբ մարդը հայհոյում է(մանավանդ` մայր բառն օգտագործելով), ապա նա իրեն անեծքի տակ է դնում, քանի որ մայր հայհոյողը դառնորեն վիրավորում է իր մորը: Այդ մարդու հետ մեզ վայել չէ ուտել և խմել, եթե նա հայհոյանքը չթողնի։

Հայհոյանքի պատճառով Աստված թույլ է տալիս, որպեսզի մարդը ընկնի խնդիրների, դժբախտությունների և շատ հիվանդությունների մեջ: Հետևաբար, եղբայրներ և քույրեր, եկեք հրաժարվենք հեթանոսների և անաստվածների այս սովորույթից և լսենք Սուրբ Պողոս Առաքյալին, ով ասում է. Եփս. 4:29: "Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։"

Եկեք ավելի շատ աղոթենք Հիսուսյան աղոթքով, և կփրկվենք հավիտենական տանջանքներից:

(Սուրբ Հովհան Ոսկեբերան)

Ինքն իրեն ոչնչացնող հայ ազգը. 30 տարիների ընթացքում սպանվել են են անթիվ֊անհամար երեխաներ։Երեմիայի մարգարեության 1:5-ում ...
15/08/2026

Ինքն իրեն ոչնչացնող հայ ազգը.
30 տարիների ընթացքում սպանվել են են անթիվ֊անհամար երեխաներ։

Երեմիայի մարգարեության 1:5-ում ասվում է. «Նախքան քեզ որովայնում կազմավորելը՝ ես ճանաչեցի քեզ, և նախքան արգանդից դուրս գալը՝ սրբեցի քեզ», ինչը վկայում է այն մասին, որ չծնված երեխան, մոր արգանդում գտնվելով, արդեն իսկ ունի անմահ հոգի։

Սաղմի աճն ու զարգացումը տեղի են ունենում Տիրոջ մասնակցությամբ, ինչի մասին ասվում է Սաղմոս 138:13-ում. «Որովհետև Դու ստեղծեցիր իմ երիկամները, հյուսեցիր ինձ իմ մոր որովայնում»։

Եսայի մարգարեի գրքում ասվում է.
Ես. 44:2: "Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, և տակավին օգնություն պիտի գտնես։

Երբ վիրաբուժական սպանության գործիքը հպվում է սաղմին՝ այն բացում է բերանը անձայն ճիչով։

Շատ կցանկանանք, որպեսզի բոլորը դիտեն «Անձայն ճիչ» (The Silent Scream) վերնագրով ֆիլմը։ Ֆիլմում ուլտրաձայնային հետազոտության միջոցով նկարահանված է աբորտներից մեկը։ Տեսարանը սարսափելի է... Երբ սպանության գործիքները ներթափանցում են արգանդ, սաղմը զգում է օտար մարմնի առկայությունը և սկսում է դիմադրել՝ կատարելով կտրուկ շարժումներ։

Սրտի զարկերի հաճախականությունը նորմալ 140 զարկ/րոպեից հասնում է 200-ի։ Իսկ այն պահին, երբ վիրաբուժական սպանության գործիքը հպվում է սաղմին, տեղի է ունենում աներևակայելի սարսափելի մի բան. սաղմը բացում է բերանը անձայն ճիչով և մահանում է!!! Նկարահանումն իրականացրած մանկաբարձ-գինեկոլոգը, որը 1949 թվականից մինչ այդ օրերը կատարել էր 10 000 աբորտ, որից հետո սկսել է պայքարել աբորտների դեմ` հասկանոլ, որ իքնը մարդ է սպանել, այն էլ` անօգնական երեխա։

Եթե Ավետարանի պատվիրաններին հակասող որևէ բան դառնում է պետական օրենք, ապա Աստծո բարկությունը գալիս է ամբողջ ժողովրդի վրա։

Իսկ հիմա կարդացեք այս ամենը.

ԱԲՈՐՏԸ ՄԱՆԿԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է.
«Որովայնից պտղի վիժեցման նպատակով դեղ ընդունելը, հավասարազոր է մարդասպանության, ինչպես որ թունավորելով մարդասպանություն գործելը» (Սուրբ Բարսեղ Մեծ):

«Մարդու կյանքն սկսվում է հենց հղիության րոպեից, և այդ ժամ նրան տրվում է անմահ հոգի, այնուհետև գնում է զարգացումը և աճը՝ սկսելով ստանալ ավելի կատարյալ ձև:
Հղիության արհեստական ընդհատումը, որ պահից էլ, որ արվի, համարվում է կյանքի ընդհատում: Որ պահին էլ, որ հղիությունը սկսվի, սա արդեն անթերի մարդ է, անմահ հոգի ունեցող:

Եվ այն մայրերը, որոնք հանձն են առնում աբորտի միջոցով հեռացնել երեխային, կատարում են ահավոր մարդասպանություն: Եվ ես սարսափում եմ՝ պատկերացնելով Ահավոր Դատաստանի ժամանակ այն մայրերին, որոնց սպանված երեխաները պիտի ելնեն և նայելով այդ մայրերի աչքերին, պիտի ասեն. «Ինչի՞ համար դուք մեզ սպանեցիք...»» (Ավագ երեց Անդրեաս):

Հույն Եկեղեցու սրբերից` Պաիսիոս Աթոսացին ասում է.
"Եթե կինը աբորտ անի, ապա նրա արգանդը կդառնա դագաղ"

Ընդ որում, Սուրբ Բարսեղ Մեծն ընդգծում էր. «Մենք չենք տարբերակում ձևավորված և դեռևս չձևավորված պտուղը», այսինքն՝ մեղքի ծանրությունը կախված չէ հղիության ժամկետից, այլ առաջին վայրկյանից սկսած, եթե սաղմը հեռացնեն` մարդասպանություն է։

Սուրբ Հովհան Ոսկեբերանը նույնիսկ ավելի կտրուկ էր արտահայտվում. նա աբորտ անողներին անվանում էր «մարդասպաններից ավելի վատթար»։ Նրա փաստարկն այն էր, որ սաղմը լիովին անպաշտպան է և նրան սպանում են։ Կա տեսագրություն, թե ինչպես է էմբրիոնը ճչում մոր որովայնում, երբ աբորտի գործիքը մոտեցնում են նրան։ Աբորտ անող բժիշկները, ըստ Եկեղեցու սրբերի` մարդասպաններ են։

Նայեք նկարին. Դժոխքի կրակներում են աբորտի բոլոր մասնակիցները։ Եթե ամբողջ կյանքում չապաշխարեն ու չխոստովանեն իրենց մեղքը, ապա Մեծ Դատաստանի օրը կկանգնեն իրենց սպանած երեխաների առջև ու Քրիստոս կդատի նրանց` որպես մանկասպանների։

«Եվ հազար անգամ վա՜յ այն կնոջը, որը չար դեղերով ու հնարքներով խափանում է որդեծնությունը և ուրիշներին էլ խրատում նույնն անել... յուրաքանչյուր մանկան դիմաց, որի ծնունդը խափանվել է չար դեղերով, Աստված նրանցից հասուն մարդու արյո՛ւն պիտի պահանջի Ահավոր Ատյանում»:
(Վարդան վարդապետ Այգեկցի)

Լավ է բուժաշխատողին հեռացնեն աշխատանքից, քան ձեռքերը թաթախի մանուկների արյան մեջ։

Address

Christian Street, Jerusalem
Jerusalem

Alerts

Be the first to know and let us send you an email when Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Place Of Worship

Send a message to Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre:

Shortcuts

Share