Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անբաժան մաս է կազմում Տիեզերական Մի, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական Եկեղեցու:
Մենք Քրիստոսի կենդանի մարմինն ենք, հայ ժողովրդի քրիստոնյա Եկեղեցին, հայոց ազգի աշխարհասփյուռ ողջ համայնքը:
Մենք Հին Արևելյան Ուղղափառ հինգ Եկեղեցիներից մեկն ենք` հիմնադրված առաջին դարում Հիսուս Քրիստոսի երկու առաքյալների` Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից: Չորրորդ դարի սկզբին Հայաստանն աշխարհում դարձավ առաջին պետությունը, որտեղ քրիստոնեությունը հռչակվեց որպես պետական կրոն՝ շնորհիվ մեր մեծագույն սուրբ և առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի քարոզչության և Տրդատ Գ արքայի հրամանի: Որպես հնագույն ինքնիշխան ազգային քրիստոնյա եկեղեցիներից մեկը, ավելի քան 1700 տարի մենք հաստատուն և նվիրյալ կերպով հետևել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա վարդապետությանը, Նրա սուրբ առաքյալների ուսուցումներին, մեր Սուրբ Եկեղեցու ավանդություններին և մեր շնորհընկալ Սրբերի ու Եկեղեցու Հայրերի ուսուցումներին:
Մեր Եկեղեցին Մի է, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս հիմնեց մի եկեղեցի: Հիմնադրված լինելով մի Տեր Հիսուս Քրիստոսի կողմից` Եկեղեցին ունի մեկ հավատք, մեկ պատարագ, մեկ նվիրապետություն: Հայ Եկեղեցին մի է որպես այդպիսին և մի է Տիրոջ մեծ Եկեղեցու հետ, քանի որ այն ընդունում և պահպանում է Եկեղեցու հավատքը, վարդապետությունն ու գործը, «ինչպես որ մեկ անգամ տրվեց Սրբերին» և ինչպես որ սահմանվեց առաջին երեք` 325թ.-ի Նիկեայի, 381թ.-ի Կոստանդինուպոլսի եւ 431թ.-ի Եփեսոսի Տիեզերական Ժողովների կողմից:
Մեր Եկեղեցին Սուրբ է, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս այն Սուրբ դարձրեց: Հայ Եկեղեցին բազում Սրբեր է տվել: Նրանցից շատերը նահատակվել են հանուն Հիսուս Քրիստոսի: Առաջին հայտնի հայ Սուրբը և վկան Սուրբ Սանդուխտն է՝ Սանատրուկ թագավորի կույս դուստրը:
Մեր Եկեղեցին Ընդհանրական Եկեղեցու մաս է կազմում, քանի որ այն բաժանում է Քրիստոսի մեծ Եկեղեցու ընդհանրությունը և ինքն իսկ շարունակել է գոյություն ունենալ, չնայած դարերի ընթացքում իրեն բաժին ընկած մեծ դժվարություններին:
Մեր Եկեղեցին Առաքելական է, քանի որ հիմնվել է ուղղակիորեն տասներկու առաքյալներից երկուսի` Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից, ովքեր էլ ձեռնադրեցին առաջին հայ եպիսկոպոսներին:
Մեր Եկեղեցին Ուղղափառ է, քանի որ ունի Քրիստոսի ճշմարիտ հավատքը:
Մենք մի Եկեղեցի ենք` աշխարհի ամեն մի ծագում սփռված ավելի քան ինը միլիոն հավատացյալներով: Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ծայրագույն Պատրիարքը ողջ հայության հոգևոր առաջնորդն է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Նա Հովվապետն ու Հայրապետն է աշխարհով մեկ սփռված որջ հայության: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր եւ վարչական կենտրոնն է 301թ-ին Վաղարշապատում հիմնադրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ տասնյոթ դար հետո էլ շարունակում է հավատարիմ մնալ իր հիմնական առաքելությանը՝ առաջնորդել հավատավոր ժողովրդին դեպի Աստված և Փրկություն: