13/09/2026
ՔԱՐՈԶ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԻՆ
(14 սեպտեմբերի, 1997 թ.)
«Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչև զՈրդին իւր Միածին ետ, զի ամենայն որ հաւատայ ի նա՝ մի՛ կորիցէ, այլ ընկալցի զկեանսն յաւիտենականս»:
«Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը»:
(ՅՈՎՀ. Գ 16)
Այս բառերը, հավատարիմ հայորդիք, քիչ առաջ այս բեմից կարդացվեցին Հովհաննու Ավետարանից:
Որքա՜ն խորունկ է այն իմաստությունը մեր Հայրերի, որոնք Խաչվերացի տոնի առիթով այս բառերն են ընտրել Ավետարանից, որպեսզի մենք կարողանանք հասկանալ ճշմարիտ իմաստը Խաչի:
Աստված Սեր է: Աստուծո միակ անունը Սեր է: Այդ սերը մի ճառագայթում է՝ բարու, բարեգործության, երջանկության: Աստված սեր է արևի նման, որ ճառագայթում է, և արևի ճառագայթներից, Աստուծո ճառագայթներից տիեզերքը ստեղծվեց, մարդիկ ստեղծվեցին, սերը արտահայտվեց ստեղծագործությամբ, որովհետև տիեզերքը, որի մեջ ապրում ենք մենք, Աստուծո ձեռագործն է, Աստուծո սիրո թանձրացյալ, շոշափելի արտահայտությունն է այս տիեզերքը, որ ինքնին բարի է, որովհետև Աստված երբ սեր ճառագայթեց, սերը իրենից դուրս տարածվեց, որովհետև սերը չի կարող ինքն իր մեջ բանտարկվել: Այդ սերը բարի է. «Եւ ետես Աստուած, զի բարի էր» (ԾՆՆԴ. Ա 8): Աստված այնչափ սիրեց մեզ, որ մինչև իսկ իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի մենք գիտենանք, իմանանք ճշմարիտ ճանապարհը կյանքի և ունենանք իսկական աղբյուրը երջանկության: Աստված իր ձեռագործը չթողեց անտեր, անտիրական: Մարդը հեռացավ Աստծուց, բայց Աստված երբեք չհեռացավ նրանից: Աստված եկավ դեպի մարդը, մարդ եղավ մեզ նման և մեզ փրկելու համար Իր կյանքն անգամ ընծայեց՝ որպես գինը մեր փրկության, և դա եղավ իր խաչելությունը:
Բոլորդ էլ գիտեք, որ Խաչը նշանակն է, խորհրդանիշն է քրիստոնեական հավատքի: Խաչը մեր գմբեթների վրա ենք բարձրացնում, Խաչը քարերի վրա ենք դրոշմում, Խաչի նշանն ենք անում՝ որպես իր հավատքի, իսկության արտահայտություն: Ի՞նչ է Խաչը: Այն մի գործիք էր Քրիստոսից առաջ, քառաթև մի գործիք, չարչարանքի համար նախատեսված մի գործիք մահապարտներին, որոնք սոսկալի չարչարանքներով դատապարտվում էին մահվան: Խաչի վրա էին գամում, որ նրանց հոգին քամվի, տառապանքով մահանան՝ որպես պատիժ իրենց գործած հանցանքների: Սակայն Հիսուս ի՞նչ հանցանք ուներ, ինչո՞ւ խաչվեց:
Հիսուս երբ խաչվեց այդ նույն խաչափայտի վրա, խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց, հեղաշրջվեց նրա իմաստը, այն կերպարանափոխվեց: Խաչը դարձավ փրկության գործիք, ոչ թե չարչարանքի: Քանզի Խաչը սիրո արտահայտությունն է. քարոզել սեր, բայց չգիտենալ զոհվել՝ այդ սերը վավերական և ճշմարիտ չէ: Սիրել զավակին՝ ի՞նչ է նշանակում: Նշանակում է նրա համար զոհողություն հանձն առնել, զրկանք հանձն առնել, խնամք ցուցաբերել: Սերը բառ չի, սերը զգացում չի միայն: Սերը կյանք է և գործ: Եթե Հայրենիքը սիրում ես, սակայն հայրենիքիդ համար ոչինչ չես անում, ապա ի՞նչ սեր է այդ: Ինչպե՞ս կարող է լույսը լույս լինել՝ առանց լույս տալու: Ինչպե՞ս կարելի է սիրել առանց զոհ տալու, առանց զոհաբերվելու: Քրիստոնեական սիրո մեծագույն ուժը Քրիստոսի անձի միջից Խաչելության արտահայտությունն է: Եվ դրա համար խաչելությունը ճանապարհն է ոչ թե մահվան, այլ հաղթանակի, հարության: Մի նշանավոր, իմաստուն մարդ ասել է, որ բոլոր կրոնքների մեջ սիրո գաղափարը կա, բայց միայն քրիստոնեության մեջ խաչ կա:
Աստված այնքան խոնարհվեց դեպի մարդը, սերը նրան միացրեց մարդու հետ, նույնացրեց մարդու հետ և մինչև իսկ իր կյանքը տվեց մեր մեղքերի համար, որպեսզի մենք գիտենանք սերը արտահայտել մեր կյանքում, սիրո ճանապարհով, զոհողության ճանապարհով փրկության հասնել, հարության հասնել: Ահավասիկ խաչին իմաստը հակիրճ կերպով:
Սիրելի՛ք այս պահին, երբ մենք հավաքվել ենք Միածնաէջ այս տաճարում՝ Խաչվերացի տոնի առիթով, որ մեր Եկեղեցու հինգ մեծագույն տոներից մեկն է, տաղավար տոներից մեկը, այսօր անդրադառնանք իբրև հայ քրիստոնյաներ, իբրև հարազատ զավակներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, որ մեր ժողովուրդը խաչապաշտ է եղել ոչ թե խոսքով, նշանով, այլ նշանով և մինչև իսկ նահատակության գնով: Մարդիկ խոսում են խաչակիրների մասին: Եվրոպայից 11–րդ դարին խաչակիրներ եկան, խաչի նշանն իրենց կրծքի վրա էին դրել, բայց մեր ժողովուրդը այդ խաչը ապրում է իր սրտով, իր կյանքով, իր ողջ գոյությամբ: Նրանք խաչը օգտագործեցին, մենք խաչը ապրեցինք: Եթե խաչակիր ժողովուրդ կա, մեր ժողովուրդն է եղել այս ամբողջ տարածաշրջանում: Խաչի խորհուրդը մեզանում այնպես կենդանի, առողջ է մնացել, որ մեր փրկության ուժն է դարձել: Այսօր Հայաստան աշխարհը, խաչը իր ուսերին շալակած, գնում է դեպի հառաջ: Ոչ մեկ քրիստոնյա կարող է ասել, թե ինքը քրիստոնյա է առանց խաչը շալակելու: «Առ զխաչն եւ եկ զկնի իմ» (ՄԱՐԿ. Ժ 21)՝ վերցրու քո խաչը և իմ հետևից եկ,— ասում է Քրիստոս: Ով խաչ չունի, ով խաչով չի ապրում, նա քրիստոնյա չի կարող լինել: Խաչը շալակելու եղանակն է տարբերությունը մարդկանց միջև: Այսինքն՝ իմ անձի համար չպիտի ապրեմ միայն խաչը:
Խաչը անձնասկենտրոն ապրումի եղանակ չի, խաչը ուրիշի հանդեպ իմ սերը արտահայտելու եղանակն է: Ամեն մի հայ պիտի խաչը շալակի այսօր, իր սերը պիտի արտահայտի դեպի Եկեղեցին, այս Եկեղեցու կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և այս ժողովրդի օրրանը, Հայաստանը, նոր Հայաստանը՝ ազատ ու անկախ հանրապետության, դեպի իր ապագան, իր կյանքի ուղղությամբ ապրող ժողովրդի երկիր և ոչ թե օտարների, ուրիշների կողմից տիրապետված, բռնակալված երկիրը: Խաչը ապրելու նոր եղանակ ունենք, այն է՝ մեր ազգի համար, մեր ժողովրդի համար, մեր Հայրենիքի համար, մեր Եկեղեցու համար սեր ցույց տանք գործով, մասնակցությամբ:
Խաչը շալակենք միասնաբար, ձեռք ձեռքի տված, սիրտ սրտի կապած: Ի՜նչ գեղեցիկ երևույթ է այսօր և ամեն կիրակի: Ես տեսնում եմ ժողովուրդը հայոց այս Մայր Տաճարում: Այստեղ 301 թվականին տակավին ո՛չ տաճար կար, ո՛չ կամար, ո՛չ խաչ, երբ Քրիստոս այցելեց և այս Սուրբ Սեղանին տեղը, որ դուք խոնարհվում եք և համբուրում Իջման Սեղանը, Աստված այնտեղ նվիրագործեց Իր ձեռքով, և այդ տեղը նշանակեց որպես իր Եկեղեցու տեղ:
Այսօր Քրիստոս այցելում է մեզ՝ ձեր բոլորի ներկայության և հավատքի կենդանության միջից: Այսօր ի՜նչ քաղցր է ինձ համար ողջունել այստեղ իմ հարազատ եղբայրները և քույրերը աշխարհի չորս ծագերից՝ ԱՄՆ–ից, Կանադայից, Արգենտինայից, Ուրուգվայից, Լիբանանից, Ֆրանսիայից և տակավին ուրիշ երկրներից՝ դառնալով աշխարհի հայության մանրակերտը, երբ Քրիստոս այցելում է ձեզ Իր Խաչով: Խաչը մետաղից, քարից դուրս բերեք, այն ձեր հոգու մեջ զետեղեցե՛ք, ձեր կյանքի մեջ արտահայտեցեք: Խաչը զարդ չի, խաչը ոսկի չէ, խաչը մարմար չի, խաչը կյանք է, կյանք: Եվ այդ կյանքն է, որ բաշխվում է մեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Շատ անգամներ մեզ համար խաչը եղավ ոչ թե նշան հավատքի, այլ խաչելության, մենք խաչին վրա բարձրացանք, Քրիստոսի խաչելությունը բաժանեցինք, կիսեցինք մեր կյանքով և այսօր այդ խաչը պիտի ապրենք ստեղծագործականորեն, այսինքն՝ պիտի նվիրաբերենք մեր ունեցածից, մեր եղածից Աստծուն և Հայրենիքին ու Եկեղեցուն, մշակույթին պիտի բաժին հանենք, որպեսզի մեր խաչը արտահայտենք, ինչպես Քրիստոս Իր սերը արտահայտեց՝ մեր մեղքերի համար խաչ բարձրանալով: Հետևաբար, ողջունում եմ ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, դուք, որ աշխարհի չորս կողմերից եք եկել, և իմ հարազատ հայաստանցի եղբայրների և քույրերի հետ ողջագուրվենք, և խաչը թող լինի մեզ միացնող, մեզ իրար զուգող, շաղկապող հոգևոր ուժը՝ մեր Եկեղեցու կնիքովը դրոշմված, մեր հայրերի սուրբ արյունովը նվիրագործված, և մենք քայլենք այդ խաչելության ճանապարհով:
Ես հրավիրում եմ այս պահին արտասահմանից եկող մեր բոլոր քույրերին և եղբայրներին, որ Եկեղեցու պաշտամունքից հետո եթե ցանկանան, թող Վեհարան գան, ես իրենց անձնապես ողջունեմ և իմ օրհնությունները տամ, իմ սիրո զգացումները փոխանցեմ իրենց, որպեսզի տանեն աշխարհի չորս ծագերը, և Սուրբ Էջմիածինը արևի պես ճառագայթի բոլոր անձերի, բոլոր հոգիների մեջ, և այնտեղ թագավորի Քրիստոս, և թագավորի մեր Սուրբ Եկեղեցին հավիտյանս հավիտենից. ամեն:
Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս