16/08/2026
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը:
Համաձայն Սրբազան Ավանդության՝ Սբ. Կույսը Քրիստոսի խաչելությունից հետո 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Աստվածամայրը հաճախ այցելում է Որդու գերեզման ու անդադար աղոթում: Այցելություններից մեկի ժամանակ նրան հայտնվում է Գաբրիել հրեշտակապետն ու հայտնում Տիրամոր՝ երկրային կյանքից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն այս բարի լուրը հաղորդում է առաքյալներին ու իր ազգականներին՝ պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ. Կույսը, վերջին անգամ Սբ. Հաղորդություն ստանալուց հետո, գնում է Վերնատուն, ուր հավաքվում են նաև բոլոր մերձավորները և սկսում սգալ:
Հովհաննեսը վերցնում է մի տախտակ, տալիս Աստվածածնին և խնդրում, որպեսզի նա իր պատկերը դրոշմի վրան: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և դնում երեսին, այնուհետև թրջում այն իր արցունքներով և խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատում են Տիրամոր սնարը, աննկարագրելի մի լույս է երևում, իսկ վերևում՝ Քրիստոս՝ հրեշտակների զորքերով: Տեսնելով Որդուն՝ Աստվածամայրն ավանդում է հոգին: Սբ. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» և ոչ թե «մահ» բառով է որակում՝ հասկանալի դարձնելու համար նրա՝ երկինք փոխադրված լինելը:
Տիրամայրը թաղվում է Գեթսեմանիի ձորակում, որտեղ երեք օր ու գիշեր լսվում են հրեշտակների երգերը: Աստվածամոր կյանքի այս վերջին պահերին և հուղարկավորությանը ներկա չի լինում միայն Բարդուղիմեոս առաքյալը: Վերադառնալով Երուսաղեմ՝ նա ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Սակայն երբ առաքյալները նրա խնդրանքով բացում են վիմափոր գերեզմանը, գտնում են միայն Սբ. Կույսի հանդերձանքը, ինչը նշանակում էր, որ Հիսուս, Իր խոստման համաձայն, երկինք էր փոխադրել Աստվածամորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմված պատկերը տալիս են Բարդուղիմեոսին՝ ի մխիթարություն, որն էլ հետագայում առաքյալը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում:
Աստվածածնի Վերափոխման տոնին` Սբ. Պատարագից հետո, ավանդաբար կատարվում է խաղողօրհնեք: